Դրոն էլ է հանգչել այստեղ
19.06.2020 | 00:13
Օուբորն լեռան ստորոտում ժամանակին գյուղական գերեզմանատուն էր, որը հետագայում պետք է դառնար մեծ գերեզմանատուն և ԱՄՆ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցելության ցանկալի վայր: Այն գտնվում է Քեմբրիջ և ՈՒոթերթաուն քաղաքների սահմանագծին` Բոստոնից 4 մղոն հեռու:
70 հեկտար տարածք զբաղեցնող այս գերեզմանատունը իր դիրքով և շրջակա միջավայրի կարևորությամբ հիշեցնում է դենդրոպարկ: Գերեզամանատանը, 2003 թվականի հաշվարկներով, հուղարկավորվել են 93 հազար հայտնի մարդիկ, նաև` համաշխարհային հռչակ ունեցող քաղաքական գործիչներ, զորավարներ, գիտնականներ, այդ թվում` Նոբելյան մրցանակակիրներ, լրագրողներ, լուսանկարիչներ, ճարտարապետներ, դերասաններ և երգիչներ։
Ի դեպ, այստեղ հուղարկավորվել են մեր հայրենակիցներից շատերը: Առանձնացնենք միայն Դրաստամատ Կանայանին` Դրոյին, որն այստեղ է հանգչել 1956 թվականից մինչև 2000 թվականը, երբ նրա աճյունը տեղափոխեցին Հայաստան և հուղարկավորեցին Ապարանում: Ներկայումս Օուբորնի գերեզմանատանն է հուղարկավորված նրա կինը` Գայանե Կանայանը:
19-րդ դարից սկսած պատմական նշանակություն ունեցող գերեզմանատունը, որը մինչև 18-րդ դարի վերջերը հիշատակվում էր որպես Սթոունի ագարակ և գնվել էր ագարակատիրոջից 6000 ԱՄՆ դոլարով` գերեզմանատուն դարձնելու նպատակով, ներկայումս ձեռք է բերել պատմամշակութային հուշարձանի և ամերիկյան հանրային զբոսայգիների կարգավիճակ: Օրինակ` 1840-ական թվականներին արդեն Նիագարա ջրվեժի և Վերնոնի լեռան հետ Աուբուրն լեռը դառնում է զբոսաշրջային վայր:
Հիշեցնենք, որ այն հողատարածքը, որը հետագայում դարձավ Օուբորն լեռան գերեզմանատուն, գեղեցիկ նկարագրված է Օլիվեր Գոլդսմիթի «Լքված գյուղը» պոեմում: Նկատենք նաև, որ այս գերեզմանատան լանշաֆտային ճարտարապետները և լանդշաֆտային դիզայներները ոգեշնչվել են Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատան դիզայնով և որոշ դետալներ են օգտագործել նաև այստեղ:
Գերեզմանատան ամենահայտնի շինություններից են Վաշինգտոնի աշտարակը (19 մետր), որ կառուցվել է 1852-54 թվականներին: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բոստոն և Քեմբրիջ քաղաքներ:
Գերեզմանատան տարածքում են գտնվում նաև Բիժելոու մատուռը, որը կառուցվել է 1840-ական թվականներին և վերջին անգամ վերակառուցվել 1924 թվականին:
Մատուռի դիմաց է գտնվում քանդակագործ Մարտին Միլմորի քանդակած Ամերիկյան Սֆինքսի արձանը, որը խորհրդանշում է քաղաքացիական պատերազմի հուշահամալիր:
Ի դեպ, թռչնաբանների կարծիքով, գերեզմանատան տարածքը շատ հարմար է թռչնադիտարկումներ կատարելու համար, քանի որ այդտեղ հաշվառվել է մոտ 200 թռչնատեսակ: Իսկ բուսաբանները գրանցել են մոտ 700 բուսատեսակ, այդ թվում` 5500 հատ հասուն ծառեր:
Օուբորն լեռան գերեզմանատանը հուղարկավորված են`
Էդվին Թոմաս Բոութը՝ 19-րդ դարի ամերիկացի դերասան, շրջագայել է ԱՄՆ նահանգներով և Եվրոպայի խոշոր մայրաքաղաքներում՝ կատարելով Շեքսպիրի պիեսները: 1869-ին նա հիմնել է Բոութս թատրոնը Նյու Յորքում: Թատերագետները նրան համարում են ամերիկյան մեծագույն դերասան, ըստ ոմանց` 19-րդ դարի լավագույն Համլետ: Ի դեպ, հայտնի է նաև նրա կրտսեր եղբայրը՝ դերասան Ջոն ՈՒիլքս Բոութը, որը սպանել է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի նիստերի գումարման շենքի՝ Կապիտոլիումի ճարտարապետ Չարլզ Բուլֆինխը, որն իր կարիերան բաժանել է մի քանի հատվածների հայրենի Բոստոնում և Վաշինգտոնում, որտեղ ծառայել է որպես հանրային շենքերի հանձնակատար:
Նաթանիել Բոուդիչը` ամերիկացի մաթեմատիկոս, նավապետ և ապահովագրական ակտուար (ապահովագրության մասնագետ, որն զբաղվում է կյանքի երկարաժամկետ ապահովագրման տարիֆային դրույքների հաշվարկմամբ): Նրա մասին հիշատակություններ կան օվկիանոսագիտության և նավագնացության մասին աշխատություններում և հաճախ համարում են ժամանակակից նավագնացության հիմնադիր:
Փոլ Էնթոնի Սամուելսոն` առաջին ամերիկացին, որին 1970 թվականին Շվեդական թագավորական ակադեմիան շնորհվեց տնտեսական գծով Նոբելյան մրցանակ:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Բոստոն
Մեկնաբանություններ